Category Archives: Սիրելի հոդվածներ

Ինքնագնահատում

Ինքնագնահատում

Հեղինակ:

Լինում է այնպես, որ մեր սաները առանց մեզ էլ՝ ինքնուրույն ձեռք են բերում կարողություններ, հմտություններ, որոնք ուսուցանելու մասին մենք գուցե չենք էլ մտածել: Սովորողը գործունեության ընթացքում կիրառում է իր տիրապետած գործիքները, դրանց հնարավորությունները, ինչ-որ պահի ինչ-որ կարողության պակաս է ունենում, որը լրացնում է ինքնուրույն պրպտելով կամ մեկի օգնությամբ:

Ինքնագնահատումն անընդհատ է: Առաջին հայացքից սա պարզ գործընթաց է թվում: Պարզ է կիրառման ձևով: Իրականում ինքնագնահատումը ցանկացած գործունեության ուղեկցող զուգահեռ աշխատանք է: Ինչ-որ բան անելուց առաջ մարդը գիտակցորեն կամ ենթագիտակցորեն գնահատում է իր հնարավորությունները, սովորաբար իր ուժերից վեր գործ չի ձեռնարկում: Եթե ձեռնարկում է, ուրեմն հույսը ուրիշի աջակցության վրա է դնում կամ իր ինքնազարգացման: Սովորողն էլ ուսումնական աշխատանք սկսելիս նախապես գիտի իր կարողությունները, դրանք նկատի ունենալով է սկսում իր գործը, կատարում է առաջադրանքը, նախատեսում իր անելիքը:

Ինքնագնահատումը նախորդում է գնահատմանը և ուղղորդում դա: Անկախ նրանից` դասավանդողը կամ այլ մեկը երբ և ինչ գործիքով է գնահատում սովորողին, վերջինս, ինչպես վերևում է նշվում, անընդհատ է դրանով զբաղված: Ոչ ոք ավելի լավ չգիտի նրա հնարավորություններն ու կարիքները:

Ստացվում է գնահատման, այս դեպքում՝ ինքնագնահատման ամբողջական սխեմա, որը մենք մինչև հիմա չենք կարևորել, չենք դիտարկել, ուսումնասիրել:

Սովորողը, որն անընդհատ զբաղված է ստեղծական աշխատանքով, «ստիպված» է զարգացնել իր կարողությունները, հմտանալ և, որ շատ կարևոր է, նորերը ձեռք բերել: Նշանակում է, սովորողի իքնագնահատումը, աշխատանքի պլանավորումը դասավանդողից առաջ է ընկնում:

Մենք մինչև հիմա անտեսել ենք ինքնագնահատումը կամ քիչ ենք կարևորել, մեր փորձից, անհրաժեշտությունից, նաև՝ սովորողի գործունեությունից ելնելով, կազմել ենք չափորոշիչների ցանկ, հարցաթերթիկներ, ստուգման միջոցներ, որոնցում առայժմ քիչ բաժին ունի ինքնաստուգումն ու ինքնագնահատումը:

Այսպես թե այնպես, սովորողներն անընդհատ են գնահատում ընկերներին, իրենց, իսկ մենք դա ոչ միայն չենք դիտել որպես ուսումնական աշխատանք, այլև սովորողն էլ հաճախ պատշաճ տեղյակ չի լինում գնահատման գործիքից, որով իրեն գնահատում ենք, արդյունքներից, որ ստացվում են, դրանց ամփոփումից: Այնինչ գնահատումը ՝

  • հետադարձ հայացք է անցածին
  • ներկա վիճակի արձանագրում և հետազոտում է
  • հետագա ուսուցման, գործունեության նախագծում է։

Ինքնագնահատումը զարգացման խթան է: Գործունեության ընթացքում սովորողը ոչ միայն կիրառում-զարգացնում է իր ունեցած հմտություններն ու կարողությունները, այլև նախատեսում և իրականացնում է այլ գործողություններ, որոնք նոր հմտութուններ և կարողություններ կձևավորեն:

Ինքնագնահատումը նպաստում է այլոց գնահատմանը, խմբային-համագործակցային աշխատանքին:Պարզելով իր կարիքները՝ սովորողը որոշում է, թե ինչը կարող է ինքնուրույն անել, որ հարցում ով կարող է օգնել, աջակցել իրեն: Համագործակցության ընթացքում բոլորն են շահում. նոր խնդիրներ կամ կարիքներ են առաջանում, որոնք խմբով են լուծվում, իրար ուսուցանելով, միասին փնտրելով, քննարկելով:

Ինքնագնահատումը ակտիվ ուսումնական աշխատանք է: Մենք պասիվ գնահատում ենք իրականացնում, սովորողը պարզապես դիտարկվող է, սուբյեկտ, որին չենք հարցնում, թե ինքն ինչի կարիք ունի, ինչը չի բավարարում իրեն լիարժեք գործունեության, կոնկրետ

խնդիրեր լուծելու համար: Դա ուսումնական ծավալուն նախագիծ է, որը հետևողականորեն պիտի իրականացվի:

Սովորողը ընկերների, դասավանդողի հետ որոշում է թեմայի կամ նյութի, գործունեության կոնկրետ տեսակի չափման հստակ գործիքները: Ոչ թե մտքում, մոտավորապես է գնահատում, այլ ուսումնական աշխատանք է կատարում: Սովորողը մշակում է գործիքը, ավելի լուրջ , հետևողական ու համակարգված է աշխատում:

Այս դեպքում պասիվ, մտքում կատարած գնահատանքը դառնում է ակտիվ գնահատում, գործիքն էլ, նպատակային: Ոչ ոք չի ասում, որ ամեն ինչ մասնագիտական մակարդակով կլինի կամ պիտի լինի: Խնդիրն իրականում ավելի էական է: Ընթացքում անընդահատ գնահատելով իրեն և ընկերներին՝ սովորողը ձեռք կբերի կարևորն անկարևորից, գլխավորը երկրոդականից տարբերելու հմտություն, աստիճանաբար  կկատարելագործվեն, կհստականան գնահատման գործիքները:

Ինքնագնահատումը խմբային, սոցիալականացնող աշխատանք է : Սովորողն ինքը մշտապես դիտարկում է իրեն, շրջապատողներին, նրանց հետ նույն միջավայրում է, նույն խնդիրներն է լուծում, նրանցից հետ ու առաջ է ընկնում, աջակցում-սովորեցնում է նրանց, իրեն են աջակցում-սովորեցնում: Սեփական ինքնագնահատումը իմաստ կունենա, եթե այն քննարկվի դասավանդողի, ընկերների հետ, ճշտվի, թե ով ում կարող է օգնել, ինչպես կարելի է լրացնել անհրաժեշտ հմտությունների բացը: Բացի գնահատման գործիք լինելուց՝ ինքնագնահատումը զարգացնում կամ ձևավորում է սովորողի մի շարք անձնային որակներ և ուսումնական կարողություններ՝

  • որևէ երևույթի, իրողության նկատմամբ ընդհանուր հայացք ձևավորելու կարողություն
  • իրերին, մարդկանց, ինքն իրեն կողքից նայելու, գնահատելու, անկողմնակալ վերաբերմունք ձևավորելու կարողություն
  • խնդիր դնելու կարողություն
  • խնդրի տարբեր լուծումներ փնտրելու և տարբեր միջոցներով լուծելու հմտություն, իրերն ու երևույթները տարբեր տեսանկյուններից դիտարկելու կարողություն
  • օբյեկտիվ ինքնագնահատում։

Բարձրանում է սովորողի ինքնագնահատականը, սովորողն ավելի ինքնուրույն և ինքնավստահ է դառնում:

Փոքր՝ 4-5 հոգանոց խմբերով սովորողները գնահատում են իրենց ընկերներին նույն գործիքով և իրականացնում են նույն գործողությունները: Այս դեպքում նա արդյունքները խմբավորելու, համեմատելու հնարավորություն է ունենում, գործողությունների պլանավորումն ավելի հստակ ու գործնական է լինում, քայլերը՝ ավելի բազմազան:

Որևէ աշխատանք կատարելուց, նախագիծ իրականացնելուց, նյութ ստեղծելուց հետո սովորողները կազմում են գնահատման գործիքը, մշակում են, կիրառում են, լրամշակում: Նշում են

  • թեման
  • գործունեության ինչ տեսակներ են իրականացվել ընթացքում, օգտագործված հմտությունները/ կարողությունները
  • դրանցից որոնց է ինքը հմտորեն տիրապետում
  • որն է ինչ-որ մեկի օգնությամբ կատարել
  • որն է ամբողջովին ինչ-որ մեկը կատարել
  • արդյունքում ինքը ինչով կարող է օգտակար լինել ուրիշներին
  • ինչ հմտություն կամ կարողություն չի ունեցել, որ կուզեր ունենալ և գործածել
  • ինչի մասին ինչ է իմացել
  • ինչը չի հաջողվել:

Իրերը, մարդկանց, երևույթները բազմակողմանի, օբյեկտիվ, քննդատաբար, տարբեր տեսանկյուններից դիտարկելու, գնահատելու կարողությունը անհատին դարձնում է պատասխանատու, նպատակային, ինքնուրույն:

 

Դասավանդողի դերը սովորողի ինքնագնահատականի ձևավորման մեջ

Դասավանդողի դերը սովորողի ինքնագնահատականի ձևավորման մեջ

Հեղինակ:

Ինքնագնահատականը կարևոր դեր ունի ցանկացած տարիքում: Այն մեր սեփական կարողությունների և հնարավորությունների գնահատականն է: Ինքնագնահատականը շատ զգայուն հոգեբանական համակարգ է, որը, տարբեր գործոններից կախված, փոփոխվում է: Ինքնագնահատականի վրա ազդող հիմնական գործոնները խառնվածքը, ընտանիքը և շրջապատն են: Իրականությունից անհամապատասխան իջեցված կամ բարձրացված ինքնագնահատականը բացասաբար է ազդում մարդու վարքի, գործունեության տարբեր կողմերի վրա: Բոլոր բարդույթների հիմքում ընկած է ցածր ինքնագնահատականը։ Ադեկվատ ինքնագնահատականի համար պետք է զարգացած լինի ինքնագիտակցությունը։ Ոչ ադեկվատ ինքնագնահատկանի դեպքում մարդու մեջ առաջանում է թերարժեքության բարդույթ, որն էլ իր հերթին տարբեր դրսևորումներ է ստանում: Ինքնահաստատման ցանկությունը անընդհատ հետապնդում է նրան, քանի որ մարդու ինքնիրականացման պահանջմունքն անկատար է մնում: Անհատը կարող է ագրեսիվ դառնալ շրջապատի հանդեպ և իրեն հաստատված զգալու համար ընտրել ֆիզիկական ուժով ազդելու տարբերակը: Շատերի մոտ ենք մեր շրջապատում հանդիպում առաջինը լինելու ձգտումը, որը ոչ այլ ինչ է, քան «Ես»-ի զարգացման ընթացքում տրավմայի դրսևորում:

Վերջերս առաջին դասարանում Հ.-ն հարվածել էր իր ընկերոջն այն պատճառով, որ դասարանում առկա բոլոր բարձր աթոռները զբաղված են եղել և մնացել են միայն ցածրերը: Հ-ն, ունենալով առաջինը և բոլորից բարձրը լինելու ձգտում, չի ցանկացել ցածր աթոռին նստել, ինչի համար էլ հարվածել է իր ընկերոջը: Տվյալ պարագայում ցածր աթոռը իրեն վիզուալ փոքրացնում է, որը ենթագիտակցորեն ազդում է նաև իր սեփական անձի ընկալմանը:

Որպեսզի անհատի ինքնագնահատականը ադեկվատ լինի, նա պետք է մեծանա այնպիսի մարդկանց շրջապատում, ովքեր կարող են ոչ միայն իրեն գովել հաջողությունների համար, այլև քննադատել սխալների համար: Սակայն շատ ծնողներ և դասավանդողներ երկու դեպքում էլ չափազանցություններ են թույլ տալիս, և անհատի մոտ այդպես էլ չի ձևավորվում ադեկվատ ինքնագնահատական: Թե՛ գովասանքը, և թե՛ նախատինքը պետք է պատճառաբանված, կոնկրետ և տեսանելի լինեն: Ընդհանրացումները, ինչպիսիք են «Դու միշտ ուշանում ես, սխալվում ես, այս սխալն ես անում» և այլն, մարդուն տրամադրում են սեփական անձի դեմ՝ չթողնելով տեսնել այդ նույն անձի դրական կողմերը:

Չորրորդ դասարանում սովորող Ա-ի ծնողի հետ զրույցում ծնողը բողոքում էր, որ իր տղան չի կարողանում կարդալ, ստիպում է, որ մայրն իր փոխարեն ընթերցի հեքիաթներն ու պատմվածքները: Ընդ որում, մայրը բազմիցս կրկնում էր, որ Ա-ն միշտ դժվարանում է և չի կարողանում երկու տողից ավելի կարդալ: Զրույցի ընթացքում պարզեցինք, որ այդ նույն արտահայտությունը մայրն անում է իր տղայի և այլ մարդկանց ներկայությամբ ևս: Երբ նմանատիպ արտայատությունները հանվեցին մոր բառապաշարից, ավելացավ իրավիճակային գովասանքը, իսկ նկատողություններն արվեցին տեղին և տեսանելի ձևով, Ա-ն դարձավ ավելի ինքնուրույն, ընթերցանությունն էլ՝ հաճելի:

Ինչպես գիտենք, մարդն առաջին  անգամ  իրեն սկսում է ճանաչել 3 տարեկան հասակում, իսկ դեռահասության շրջանում մարդու «Ես»-ը վերագնահատման և վերաձևավորման փուլ  է անցնում: Հատկապես դեռահասների ինքնագնահատականը անկայուն է և շատ հաճախ է փոփոխությունների ենթարկվում: Այս տարիքում կարևորվում է շրջապատի կարծիքը, և դեռահասները ցանկանում են իմանալ՝ ինչ են իրենց  մասին մտածում:

Ավագ դպրոցում սովորող մի աղջիկ անընդհատ փոփոխում էր իր ընկերներին և ամեն անգամ փորձում նմանվել նրան, ով տվյալ պահին իր ընկերն էր համարվում: Նրա ընկերներից մեկը նույնսիկ բողոքեց այդ փաստից, քանի որ իրեն դուր չէր գալիս, որ իր նման հագնվում են, անում են այն, ինչ ինքն է անում, սիրում կամ չեն սիրում այն երգիչներին, ում ինքն է սիրում: Զրույցի արդյունքում պարզ դարձավ, որ այդ աղջիկը պարզապես դեռ չի բացահայտել իրեն, չի ճանաչում իր ուժեղ կողմերը և սեփական «Ես»-ը փորձում է գտնել այլոց մեջ: 

Որպես կանոն, որքան բարձր են սովորողի հաջողությունները ուսման մեջ, այնքան բարձր է նրա ինքնագնահատականը: Այդ իսկ պատճառով դասավանդողների դերը մեծ է սովորողների ինքնագնահատականի ձևավորման գործընթացում: Դասավանդողները պետք է օգնեն, որպեսզի սովորողները բացահայտեն իրենց սեփական Ես-ը, իրենց կարողությունները, հնարավորությունները, թերություններն ու առավելությունները: Դասավանդողի մի խոսքը բավական է, որպեսզի սովորողին երկինք բարձրացնի և հակառակը: Դասավանդողը պետք է օգնի, որպեսզի սովորողը կարողանա ճիշտ գնահատել իր հաջողություններն ու անհաջողությունները: Եթե նկատում ենք, որ սովորողն ունի ցածր ինքնագնահատական, պետք է փորձենք նրա թեկուզ ամենաչնչին հաջողության մասին բարձրաձայնել՝ ցույց տալով, որ սա նրա սեփական ջանքերի արդյունքն է: Բայց սա չի նշանակում, որ պետք է կեղծել. խոսքը իրական հաջողության մասին է:
Հաճախ սովորողների արած կամ չարածները քննարկվում են ոչ թե առավելությունները դուրս բերելով, այլ շեշտը թերությունների վրա դնելով, և եթե սովորողի մոտ առկա է թեկուզ աննշան անինքնավստահություն, ապա այս մեթոդը ևս մեկ պատճառ է սեփական «անկարողությունը» տեսնելու համար: Անհրաժեշտ է նախ գնահատել այն փաստը, որ սովորողը աշխատել է, հետո նոր թողնել, որպեսզի նա ինքը գտնի իր բացթողումները: Այս կերպ շահագրգռում ենք սովորողին, որպեսզի հաջորդ անգամ ևս ցանկություն ունենա աշխատելու: Սովորողի մոտ պետք է զարգացնել սեփական անձի հանդեպ հետաքրքրություն, իր մասին մտածելու, խոսելու, օբյեկտիվորեն գնահատելու կարողություն:

Մի աղջիկ իր «Ես»-ի մասին գրելիս բացահայտեց, որ իր մեջ կարծես ապրում է մի քանի «Ես» ու թվում է՝ նրանք միշտ պայքարի մեջ են: Սակայն, ունենալով բավական կայուն պատկերացում սեփական անձի, ցանկությունների և դրական ու բացասական կողմերի մասին, նույն այդ իր աշխատանքում նա նկատեց և ընդգծեց իր իրական «Ես» պատկերը: Սա «Ես»-ի վերաձևավորման փուլի ապացույց է:

Դասավանդողը պետք է ոչ թե իր գերակայությունն ապացուցի սովորողին, այլ բացահայտի սովորողի իրական և դրական կողմերը:Մյուս կողմից, դասավանդողն ինքն էլ չպետք է կոնֆլիկտներ ունենա իր սեփական «Ես»-ի հետ, քանի որ թերարժեք և անինքնավստահ դասավանդողն առիթը բաց չի թողնի սովորողի միջոցով իր սեփական գերակայությունը ցույց տալ և նման կերպ բավարարել իր ինքնիրացման պահանջմունքը: