Monthly Archives: January 2013

Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

Սկիզբը

Եթե հնությունների ուսումնասիրությամբ զբաղվեն յուրաքանչյուր իտալական գյուղակում (չէ՞ որ դրանցից յուրաքանչյուրը իր սեփական գեղարվեստական ավանդույթներն ունի), ապա հնարավոր է, որ հասնեն «կահ կարասու» այնպիսի տեսակների, որոնք կլավացնեն ճաշակը և կազնվացնեն մարդկանց սովորությունները: Սա կհարստացներ աշխարհը «դաստիարակող նորաձևությամբ». ժողովրդի արվեստի ոգին, որն օժտված է շատ հին քաղաքակրթությամբ, կարող է ժամանակակից հասարակությանը, որը խեղդվում է հիգիենայի կանոններից և հիվանդության ու մահացության դեմ անվերջ պայքարից, նոր կյանք ներշնչել:

 

Իսկապես, ժամանակակից «հիգիենիկ կառույցները» իրենց մերկ պատերով, լվացվող սպիտակ կահույքով նման են հիվանդանոցի: Իսկ դպրոցներն իսկական գերեզմանոց են՝ դիակառք հիշեցնող սև նստարանների շարքերով: Իզուր չէ, որ նստարանները սև են, դրանք պետք է թաքցնեն թանաքի բծերը, որոնք նույնպիսի անխուսափելիություն են համարվում, ինչպես ժամանակակից հասարակության մեղքերն ու հանցանքները: Եվ ոչ մեկի մտքով չի անցնում, որ ավելի լավ է դրանցից խուսափելը, քան թաքցնելը:

Սև նստարաններով, որևէ զարդարանքից զուրկ, մերկ, գորշ պատերով դասասենյակները պետք է որոշակի նպատակի ծառայեն. ենթադրվում է, որ երեխայի քաղցած, որևէ տպավորությունից զրկված հոգին պետք է ավելի լավ յուրացնի ուսուցչի կողմից մատուցվող այնքան էլ ոչ ախորժելի մտավոր սնունդը: Այլ կերպ ասած` միջավայրից պետք է հեռացվեն աշակերտի ուշադրությունը ցրող բոլոր տարրերը, որպեսզի ուսուցիչն իր հռետորական կարողությունների և տարբեր հնարների միջոցով կարողանա իր վրա կենտրոնացնել երեխայի անհնազանդ ուշադրությունը:

Հակառակը, մտքի իսկական դպրոցը չի խանգարի աշխատանքի միջավայրի գեղեցկությանը: Ոչ մի զարդարանք չի կարող շեղել իր աշխատանքի մեջ իսկապես խորասուզված երեխային: Գեղեցկությունն ուժեղացնում է մտքի կենտրոնացումը և թարմացնում մտավոր հոգնածության պահերին:

Չնայած մի քիչ տարօրինակ է հնչում, բայց, եթե հետևենք գիտության սկզբունքներին, ապա մարդը պետք է ապրի գեղարվեստական միջավայրում, և, այդ պատճառով էլ, եթե դպրոցը ցանկանում է «մարդկային կյանքի դիտարկման լաբորատորիա» դառնալ, նրա պատերի ներսում պետք է հավաքել միայն գեղեցիկը, ինչպես բակտերիաներ ուսումնասիրող լաբորատորիայում պետք է լինի այն ամենը, ինչ անհրաժեշտ է բակտերիաների կյանքի համար:

Մանկական կահույքը, սեղանները, աթոռները պետք է թեթև լինեն, այդ դեպքում երեխաները դրանք հեշտությամբ կարող են տեղափոխել, և բացի դրանից, ինչն ավելի կարևոր է, այդպիսի իրերն իրենց փխրունությամբ դառնում են «դաստիարակիչ նյութ»: Այդ նպատակով էլ երեխաներին տալիս են հախճապակե ափսեներ և ապակե բաժակներ. դրանք «մատնիչ» առարկաներ են, հայտնում են կոպիտ, չկարգավորված, անկարգ շարժումների մասին:

Այսպիսով, հենց երեխայի առջև կանգնում է ինքնակառավարման հարցը, նա ինքը ձգտում է իրեն սովորեցնել առարկաներին չդիպչել, չգցել, չկոտրել. նա աստիճանաբար հղկում է իր շարժումները և սովորում դրանք ազատորեն ղեկավարել, դառնում է ինքն իր տերը: Նույն կերպ երեխան վարժվում է իր կյանքը զարդարող գեղեցիկ և հաճելի իրերը չկեղտոտելուն: Երեխան այսպես առաջ է շարժվում ինքնակատարելագործման ճանապարհով կամ, այլ խոսքով, ընտելանում ղեկավարելու իր շարժումները սեփական կամքով: Նույն պրոցեսը լինում է երեխայի հոգում, երբ, վարժված լինելով լռությանը և լավ երաժշտությանը, նա աշխատում է խուսափել աղմուկից և կտրուկ ձայներից, քանի որ դա տհաճ է սեփական, հարմոնիայով դաստիարակված լսողության համար:

Հակառակը, երբ երեխան հարյուր անգամ բախվում է ծանր երկաթե նստարանին, որը հազիվ է շարժվում մեծահասակի ջանքերով, երբ նա թանաքի հարյուրավոր բծեր է թողնում, որոնք չեն նկատվում սև նստարանի վրա, կամ անվերջ գցում է մետաղե ամանեղենը, որը չի կոտրվում, նա չի էլ նկատում իր շարժումների անկարգությունը, անկարողությունը, քանի որ արտաքին կյանքի միջավայրը ցուցադրաբար «թաքցում» և ամրապնդում է նրա թերությունները:
Երեխաները շարժվելու կարիք ունեն: Ազատ շարժումը հիմա դարձել է ընդունված հիգիենիկ սկզբունք: Երբ խոսում են «ազատ երեխաների» մասին, ենթադրում են, որ երեխաներին տրված է շարժվելու, այսինքն, վազելու, թռչկոտելու և այլ ազատություն: Մեր ժամանակներում յուրաքանչյուր մայր հասկանում է, որ իր երեխան պետք է լինի այգում, դաշտում, վազվզի մաքուր օդում: Եվ երբ խոսում ենք դպրոցում ազատության մասին, ապա սովորաբար պատկերացնում ենք ֆիզիկական ազատությունը, շարժվելու ազատությունը, և անմիջապես աչքներիս առաջ գալիս է ազատ երեխայի կերպարը, ով թռչկոտում է նստարանից նստարան, խելագարի պես վազվում է նեղ սենյակում՝ բախվելով պատերին: Պարզ է, որ «շարժման ազատությունը» պետք է նաև մեկ ուրիշ միտք ծնի՝ «մեծ տարածության» մասին. եթե երեխան ստիպված է իր ժամանակը նեղ սենյակում անցկացնել, անխուսփելի է բախումը «շարժման ազատության» և արգելքների միջև և, հետևաբար, անխուսփելի է անկարգությունը, ինչը անհամատեղելի է կարգապահության և աշխատանքի հետ:
Բայց «մտավոր հիգիենայի» բնագավառում տեղաշարժման ազատությունը չի սահմանափակվում միայն պարզագույն շարժումներով: Կարելի է շան կամ կատվի ձագի մասին ասել նույնը, ինչ ասվում է երեխայի մասին. նրանք պետք է ազատ լինեն, վազեն, թռչկոտեն և կարողանան դա անել, ինչպես և անում են՝ թռչկոտում են, վազում են այգում կամ դաշտում՝ որպես «երեխաներ» կամ երեխաների հետ: Բայց, եթե ցանկանայինք ազատության նույն գաղափարը ներմուծել թռչնի համար, հարկ կլիներ հատուկ նախապատրաստական որոշ աշխատանք կատարել՝ ծառի ճյուղ բերել կամ թառ պատրաստել, որպեսզի թռչնի ճանկերի համար հենարան լիներ, քանի որ նրանք հարմարեցված չեն գետնին նստելուն, այլ ճյուղին կամ հենարանին են ավելի լավ զգում: Հայտնի է, որ եթե թռչնին ազատ թողնենք անվերջ հարթության վրա, նա շատ դժբախտ կլինի:

Չգիտես ինչու՝ գլխի չենք ընկնում, որ եթե թռչունների և սողունների ազատ շարժվելն ապահովելու համար անհրաժեշտ է հատուկ պայմանների նախապատրաստում, ապա, թերևս, ինչ-որ սխալ ենք թույլ տալիս, երբ երեխաներին նույնպիսի ազատություն ենք տալիս, ինչպես շներին և կատուներին: Եվ իրոք, երբ երխաներին ուղղակի ազատ ենք թողնում, նրանք հաճախ անհամբերություն են ցուցաբերում, կռվում են, լաց լինում: Ավելի մեծ տարիքի երեխաները փորձում են ինչ-որ բան հնարել, որպեսզի ձանձրույթը, հենց այնպես վազելու և ուղղակի թռչկոտելու համար թռչկոտելու նվաստացումն իրենք իրենցից թաքցնեն: Նրանք այդ ամենի համար նպատակ են փնտրում, իսկ փոքրիկներն ուղղակի կամակորություն են անում: Եվ շատ հազվադեպ է լինում, որ բացարձակ անուշադրության մատնված մանկական ակտիվությունը խելամիտ կիրառություն ունենա: Դա զարգացմանը չի նպաստում. օրգանիզմը միայն ֆիզիկապես է զարգանում, մաքուր աճի պրոցես է տեղի ունենում: Երեխաների շարժումներն անշնորհք են դառնում, նրանք տարբեր անիմաստ ձևեր, ոստյուններ են հնարում, քայլում են ճոճվելով, հեշտությամբ ընկնում են, գցում և կոտրում են առարկաներ: Պարզ է, որ երեխան նման չէ ազատ թռչկոտող կատվի ձագի, որի բոլոր շարժումները լի են նազանքով, հմայքով և վազվզելու-թռչկոտելու ընթացքում, որ նրա բնական տարերքն է, կատարելագործվում են:

Երեխայի շարժողական բնազդում նազանք ու կատարալեգործվելու բնական հակում ակնհայտորեն չկան: Այստեղից էլ եզրակացություն՝ կատվի ձագի զարգացման համար բավարար շարժումը հարմար չէ երեխայի համար: Եվ քանի որ երեխայի բնույթը տարբերվում է կատվի ձագի բնույթից, երեխայի ազատության ուրիշ ճանապարհ պետք է լինի:
Երբ երեխան առանց մտածված նպատակի, առանց ներքին ղեկավարող հիմքի է շարժվում, շարժումը նրան հոգնեցնում է: Աննպատակ շարժվելու միտքը մեծերին էլ է սարսափի մեջ գցում: Ժամանակին ստրուկների ամենադաժան պատիժներից մեկն այն էր, երբ ստիպում էին խորը փոս փորել և նորից լցնել, այսինքն՝ աննպատակ աշխատանք անել: Հոգնածության խնդրի փորձարարական հետազոտությունները ցույց են տալիս, որ իմաստավորված աշխատանքը շատ ավելի քիչ է հոգնեցնում, քան նույն քանակի անիմաստ աշխատանքը: Եվ հիմա հոգեբույժները նևրասթենիայի (նյարդաթուլագարություն) բուժման ժամանակ խորհուդ են տալիս, ոչ թե ուղղակի լինել մաքուր օդում, այլ «աշխատանք մաքուր օդում»:

«Վերականգնողական» աշխատանքը մտավոր լարման արդյունք չէ, այլ հոգեմկանային օրգանիզմի համակարգման ազդակ է կարծես: Այդպիսին են ոչ թե ապրանքներ ստեղծելուն, այլ դրանց պահպանմանն ուղղված գործողությունները, ինչպես սեղան սրբելն ու լվանալը, հատակն ավլելը, սեղան գցելը, աման հավաքելը, կոշիկ սրբելը և այլն:

Տիրոջ ապրանքները պահպանելու համար սպասուհու կողմից կատարվող այս աշխատանքը շատ է տարբերվում այդ իրերի արտադրման աշխատանքից: Աշխատանքի այս երկու տեսակները իրարից խորապես տարբերվում են: Աշխատանքի մի տեսակը շատ պարզ է, համարյա նույն կարգի համակարգված գործողություն, ինչպիսիք են վազքը, ցատկը. այդ պարզ շարժումներին ուղղակի պետք է իմաստ հաղորդել: Իսկ արտադրողի աշխատանքը, հակառակը, ընդգրկում է նախնական մտավոր աշխատանք և կազմված է շատ բարդ շարժումների շարքից, որոնք կապված են զգայական հմտությունների հետ:

Առաջին տեսակի աշխատանքը փոքր երեխաների համար է, ում «անհրաժեշտ է շարժվելը, որպեսզի սովորեն համակարգել իրենց շարժումները»: Այն բաղկացած է, այսպես կոչված, ամենօրյա կյանքի վարժություններից, որոնք համապատասխանում են «ազատ շարժման» հոգեբանական սկզբունքին: Դրա համար բավարար է պատրաստել համապատասխան միջավայր և երեխաներին ազատ թողնել, որպեսզի նրանք կարողանան տրվել ակտիվության և ընդօրինակման բնազդին: Երեխաներին շրջապատող առարկաները պետք է համապատասխանեն նրանց ուժին և հասակին. կահուքը պետք է թեթև լինի, որպեսզի երեխաները կարողանան տեղաշարժել, ցածր պահարաններ՝ իրենց հասակի չափով, հեշտությամբ բացվող փականներ, շաժական դարակներ, թեթև դռներ, որոնք երեխան կարողանա հեշտությամբ բացել և փակել, զգեստների համար ցածր կախիչներ, երեխայի ձեռքին հարմար խոզանակ, ափում տեղավորվող օճառ, լվացվելու համար այնպիսի ամաններ, որ երեխան ինքը կարողանա լցնել ջուրը, հատակի հարթ, կարճապոչ խոզանակներ, հեշտությամբ հանվող հագուստ. ահա այսպիսի միջավայրն է տրամադրում ակտիվության: Այսպիսի միջավայրում երեխան մշտապես, առանց հոգնելու կատարելագործում է իր շարժումները և ձեռք է բերում ճարպկություն ու ճկունություն, ճիշտ այնպես, ինչպես հեզաճկուն և ճարպիկ է դառնում կատվի ձագը, որն առաջնորդվում է միայն բնազդներով:

Այդպիսի միջավայրը, որ հասանելի է երեխայի ազատ գործունեության համար, նրան թույլ է տալիս շարժվել, վարժվել և մարդ դառնալ: Կարևոր են ոչ թե այդ վարժությունների ժամանակ երևացող շարժումները, այլ այն նոր խթանը, ազդակը, որը սկսում է դեր խաղալ նրա մտավոր կրթության մեջ: Երեխայի հասարակական բնազդները մյուս ակտիվ և ազատ երեխաների նկատմամբ ի հայտ են գալիս համատեղ աշխատանքի ընթացքում: Նա աշխատում է սեփական տնտեսության մեջ, որը հարմարեցված է իր պաշտպանության ու զարգացման համար: Սեփական արժանապատվության զգացումը, որը երեխան ձեռք է բերում այն ժամանակ, երբ սովորում է բավարարել ինքն իրեն այն միջավայրում, որտեղ տիրություն է անում և որը պահպանում է, դառնում է «շարժման ազատությանը» ուղեկցող մարդկայնության գործակիցը: Սեփական անձի աճի գիտակցումից երեխան իրական խթաններ է ստանում աշխատանքում իր համառության համար, աշխատանքին լրիվ տրվելու համար և վեհագույն ուրախություն է զգում, երբ աշխատանքը վերջացնում է: Այդպիսի միջավայրում երեխան, անշուշտ, «ստեղծում է ինքն իրեն» և ամրապնդում սեփական ներքին կյանքը ճիշտ այնպես, ինչպես մաքուր օդում, վազելով դաշտերում և մարգագետիններում, նա «աշխատում» է իր ֆիզիկական օրգանիզմի աճի և ամրապնդման համար:

Ռուսերենից թարգմանեց Գևորգ Հակոբյանը

Continue reading Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

Մատիտն ու գրիչը: Իսկական ընկերը

Մատիտն ու գրիչը ապրում էին նույն գրչատուփում: Նրանք շատ լավ ընկերներ էին: 

Մի օր մատիտի ծայրը կոտրվեց և նա շատ տխրեց: Մատիտը մտածում էր, որ նա այլևս չէր  կարողանա նկարել: Գրիչը տեսավ, որ մատիտը տխուր է և որոշեց սրիչ նվիրել նրան: Նա այդպես էլ արեց: Մատիտը շատ ուրախացավ և սկսեց նորից նկարել: Մատիտը շնորհակալություն հայտնեց գրիչին և ասաց, որ նա իսկական ընկեր է:

Հովհանյան Գրետա

Ցուրտ ամառը

Ամռանը մի օր արևը արթնացավ և չկարողացավ տանից դուրս գալ, որովհետև ամպերը սևացած էին, իսկ ծաղիկները ցրտից թոռոմել էին: Արևը շատ էր ուզում դուրս գար, որ օգներ ծաղիկներին, բայց ամպերը չէին թողնում: Արևը դուրս եկավ, ամպերը վախեցրեցին արևին, և արևը մրսեց: Արևը որոշեց ուժեղանալ, նա ճաշիկ կերավ և ուժեղացավ: Երբ արևը դուրս եկավ նորից, նա ամպերին քշեց հեռու: Ծաղիկները ուրախացան, գլխիկները բարձրացրեցին և ժպտալով նայեցին արևին, ուրախացած ծաղիկները պար բռնեցին: Ամպերը չկարողացան ցրտեցնել ամռանը, և ամառը նորից տաքացավ:

Ջաղինյան Միլենա