Category Archives: Կիսամյակային հաշվետվություն

Դիջիպատում

DSC03090

Դիջիպատում

Հնարավորություն չեմ ունեցել պատմելու իմ առաջին ձեռքբերումների մասին, դրա համար կսկսեմ  սկզբից: 2004-ին ավարտեցի Գեղարվեստի դպրոցը` տանելով ինձ հետ բազում գեղեցիկ հուշեր, վերադարձա 2011-ին որպես դասվար գեղեցիկ հուշերն ինձ հետ, իսկ դպրոցը նույնն էր` ջերմ, գրկաբաց, հարազատ…

2013-ի գլխավոր ձեռքբերումն իմ դասարանն է: Անցյալ տարիների ընթացքում դասարանը դեռ համալրվում էր, ընտելանում, ընկերանում, իսկ այս տարի դասարանը շատ կայուն է, երեխաները միասնական են, եռանդուն, հոգատար: Օրեր առաջ ծնողներից մեկը/ իդեպ ցանկություն է հայտնել աշխատելու կրթահամալիրում/ շնորհակալություն էր հայտնում ոչ թե երեխայի ձեռք բերած գիտելիքների համար, այլ մարդկային բարի, հոգատար հարաբերությունների համար, քանի որ երեխաները ստանում են անգին որակներ, բավականաչափ ջերմություն և ուշադրություն:

Այս թիմով հանգիստ և վստահ մասնակցում ենք ծեսերին/ նախագծային աշխատանքներից հաջող է ստացվել Ամանորի ծեսը/, ստուգատեսներին, ստեղծում ենք ուսումնական նյութեր, հեքիաթասացներ, աշխատում ենք նեթբուքերով, նշեմ, որ իմ ներքին անհանգստությանը հակառակ` երեխաները դարձան ավելի կազմակերպված և ուշադիր, սկսեցին մուտքագրել ավելի արագ, ստեղծեցին smart notbook ծրագրով խնդիրներ, որոնք կներկայացնենք դիջիտեքին:

Ձեռքբերում եմ համարում նաև “Համերգասրահի ելևէջները” համերգը, որը ապահովեցին Գրետա Հովհանյանը, Սոֆյա Շագոյանը և կրտսեր դպրոցի սովորողները: Իմ սովորողների ուրախությունը նաև իմ ուրախությունն է, հպարտ եմ, որ փոքրիկ լինելով հանդերձ կարողանում են դահլիճ լցնել, հուզել և արժանանալ ծափերի:

Մյուս ձեռքբերումս, գրում եմ որպես մայր, աղջկաս նախակրթարան բերելն էր: Իմ ընկերները, գործընկերները կարող են հաստատել, թե ինչ նախանձով էի նայում այն երեխաներին, ովքեր հաճախում էին մեր նախակրթարանը: Երազում էի, որ մի օր իմ աղջիկն էլ կգա…հեռու լինելու պատճառով մի քիչ ձգվեց: Ամեն դեպքում երազանքս կատարվեց, 2013-ի սեպտեմբերին իմ աղջիկը դարձավ մեր նախակրթարանի սանը:

2013-ի ձեռքբերումներից մեկն էլ այն է, որ շատ ազգային պարեր սովորեցի և սովորում եմ: Շատ գեղեցիկ և հուզիչ է, երբ բոլոր դասավանդողները մի շրջանի շուրջ հավաքված, նույն ձեռագրով  պարում են: Սա ինձ համար մեծ ձեռքբերում է:

Մյուս կարևոր ձեռքբերումն ընկերներն են, վստահում, հավատում եմ նրանց:

Որպես խնդրանք, կխնդրեի բոլոր դասավանդողներին պահպանել այն միասնականությունը, որ կա կրթահամալիրի ներսում, միշտ լինել իրար հետ, իրար համար, զիջող և լավ օրինակ ծառայել սովորողների համար: