Monthly Archives: August 2013

Վիլյամ Սարոյան առակներ

Վիլյամ Սարոյան «Հյուսնի պատմությունը»

Լյուսի տատիս իմացած հեքիաթներին վերջ չկար: Ահա դրանցից մեկը, որն ապացուցում է, թե հուսահատությունը պարզապես անհեթեթություն է: Այս պատմությունը հյուսնի մասին է, ով ապրել է հարյուրավոր տարիներ առաջ: Օրերից մի օր, տուն վերադառնալիս, ընկերներից մեկը կանգնեցնում է նրան և հարցնում.

– Եղբայրս, դեմքդ ինչո՞ւ է թթված: Բա՞ն է պատահել:

– Եթե իմ տեղը լինեիր, – պատասխանում է հյուսնը, – դու էլ այս օրին կլինեիր:

– Ի՞ն չ է եղել, – հետաքրքրվում է ընկերը:

– Մինչև առավոտ, – ասում է հյուսնը, – թագավորի հրամանով պետք է տասնմեկ հազար տասնմեկ հարյուր տասնմեկ գրվանքա փայտի լավագույն սղոցուքը տանեմ պալատ, թե չէ գլխիցս կզրկվեմ:

Ընկերը ժպտում է և գրկում նրան:

– Ասում է, – սիրելի ընկերս, – մի հուսահատվիր: Արի գնանք, ուտենք-խմենք և վաղվա մասին մոռանանք: Հույսդ երբեք մի կորցրու:

Գնում են հյուսնի տուն և տեսնում, որ նրա կինն ու երեխաները նույնպես լուրն առել են և լացուկոծ են անում: Ընկերը նրանց էլ է հորդորում, որ չվշտանան և բոլորը միասին սկսում են ուտել, խմել, ուրախ-ուրախ զրուցել, երգել ու պարել:

Խնջույքի կեսին հյուսնի կինը վերսկսում է. – Խեղճ ամուսինս, առավոտյան զրկվելու ես գլխիցդ, իսկ մենք զվարճանում ենք:

– Ա՜խ, և ոչ մի հույս չկա:

– Մի’ տանջվիր, – ասում է հյուսնը, – ամեն ինչ զուր է:

Եվ շարունակում են ուտել, խմել, երգել ու պարել:

Երբ լույսը ճեղքում է խավարն ու սկսվում է օրը, բոլորը լռում են՝ սարսափով ու վշտով համակված: Թագավորի մարդիկ գալիս և կամացուկ թակում են հյուսնի տան դուռը:

Հյուսնը հառաչում է.

– Այժմ գնում եմ մեռնելու:

Եվ բացում է դուռը:

– Հյուսն, – ասում են հյուրերը, – թագավորը մեռել է:

Նրա համար դագաղ սարքիր:

Վիլյամ Սարոյան «Վիրավոր առյուծի պատմությունը»

Մեծ հավակնություններ ունեցող փոքր մարդկանց իրենց արժանի տեղը ցույց տալու համար նա մեկ այլ պատմություն էր պատմում որսորդի գնդակից վիրավորված առյուծի մասին, որ ցավից ոռնում էր և մահվան դուռն էր հասել: Առյուծին է մոտենում փոքրիկ, դանդաղաշարժ կրիան և հարցնում.

– Ի՞նչդ է ցավում:

– Որսորդն է վիրավորել, – պատասխանում է առյուծը:

Կրիան բարկանում է և ասում.

– Թող չորանան այն մարդու թևերը, որ վնասում են երկրի երեսին ապրող մեզ նման հրաշալի արարածներին:

– Կրիա եղբայր, – պատասխանում է առյուծը, – պետք է ասեմ, որ որսորդի հասցրած վերքն ավելի քիչ է ինձ տանջում, քան այն, ինչ հենց նոր ասացիր:

Այդ ասելով՝ առյուծը հոգին ավանդում է: Նույն բանի շուրջ նա մեկ այլ պատմություն էլ էր պատմում կամրջով անցնող փղի ականջը մտած լվի մասին:

– Ընկերս, – ասում է լուն, – երբ մեզ նման հսկաներն անցնում են կամրջի վրայով, այն ցնցվում է մեր հզորությունից:

Վիլյամ Սարոյան «Թե ինչ է լինում, երբ փորձում են գոհացնել որոշ մարդկանց»

Տարիներ առաջ մի կույր էր ապրում: Բոլորը նրան ամեն ինչի լավագույնն էին տալիս, թե’ ուտելիքի, թե’ հագուստի և թե’ ամենալավ անկողինն ու սպիտակեղենը: Սակայն նա միշտ դժգոհ էր և գիշեր-ցերեկ բողոքում էր, որ իրեն վատ են վերաբերվում: Բոլորը ջուր էին խմում, իսկ կույրին կաթ էին տալիս, իրենք մի բաժակ բրինձ էին ուտում ու նրան՝ երեքը տալիս, կես բոքոն էին ուտում, նրան ՝ երկուսը տալիս, սակայն նա դարձյալ դժգոհ էր: մի օր էլ, խիստ զայրացած և հուսահատ, գառ են մորթում, խորովում, սկուտեղի վրա դնում ու մատուցում են կույրին: Նա հոտոտում է, փորձում է շոշափելով որոշել գառնուկի չափսերը, ապա սկսում է ուտել: Սակայն առաջին պատառը դեռ կուլ չտված, չի դիմանում և ասում է.

– Եթե սա իմ բաժինն է, բա ձե՞րը որքան կլինի:

Վիլյամ Սարոյան «Սրամիտ երիտասարդը»

Արամ քեռիս շատ էր սիրում պատմել թագավորի և երիտասարդի պատմությունը: Թագավորը հակված էր անհեթեթ ու ծիծաղալի մտքերի, իսկ նրա երիտասարդ խորհրդականն ավելի ողջամիտ ու խելացի էր, քան թագավորն ու նրա բոլոր նախնիները միասին վերցրած:

Մի երեկո թագավորն ասում է.

– Մինչև լուսանալը ինձ պետք է զեկուցես, թե քաղաքում քանի կույր կա:

– Լսում եմ, – պատասխանում է երիտասարդը, – ամեն բան հասկանալի է:

Եվ հեռանում է, որպեսզի պատասխան գտնի այդ անհեթեթ խնդրին:

Անմիջապես կանչում է մի փորձառու հաշվապահի, նստեցնում է ախոռի ամենագեղեցիկ ձիու վրա, գրիչն ու տետրը ձեռքն է տալիս և կարգադրում քաղաքով մեկ շրջել իր ետևից և հաշվառել հանդիպած բոլոր կույրերին: Ապա հաստ պարանով եղրևանու մի մեծ ճյուղ է կապում ձիու թամբին և ճյուղը ետևից քարշ տալով, սկսում է շրջել քաղաով:

Որոշ ժամանակ անց հանդիպում է մի ծերունու, ով նրան տեսնելով, բացականչում է.

– Ա’յ որդի, ի՞նչ ես անում:

Երիտասարդ հաշվապահի կողմն է շրջվում և ասում.

– Այս մարդը կույր է, սկսի’ր հաշվել:

Հաջորդ փողոցում մի կին գլուխը դուրս է հանում շքեղ տան պատուհանից և ձայնում.

– Այդ ի՞նչ եք անում, երիտասարդ:

Եվ երիտասարդը հաշվապահին կարգադրում է շարունակել հաշվառումը:

Մինչև առավոտ կույրերի թիվը ներառում է քաղաքի բոլոր բնակիչներին, և խորհրդատուն ու հաշվապահը ձիերի գլուխները դեպի արքայական պարտեզն են շրջում: Նրանք դեռ շարունակում էին իրենց ետևից քարշ տալ եղրևանու ճուղը:

Վիլյամ Սարոյան «Երկու արաբների պատմությունը»

Փառասիրությամբ ու երազանքներով տարածված մարդկանց բթամտությունը ցուցադրելու համար քեռիս պատմում էր նաև երկու արաբների պատմությունը, որոնցից մեկը խելացի էր, իսկ մյուսը՝ հիմար, և նրանք սար էին գնացել արջ որսալու:

Իմ խփած արջի մորթին արդեն ծախել եմ, – ասում է հիմարը: – Դու քոնը դեռ չե՞ս ծախել:

Չէ, – պատասխանում է խելացին, – այդ մասին կմտածեմ, երբ արջին սպանած կլինեմ: Բայց ինչպե՞ս է, որ այդքան համոզված ու վստահ ես:

Նրանից է, – ասում է մյուսը, – որ ես շատ լավ եմ կրակում, արջերի հարցում շատ խելացի եմ, համ էլ հարաբերությունների մեջ խորամանկ եմ:

Նրանք սարը բարձրացան, հետո ձորն իջան և իրար կորցրեցին: Հանկարծ հսկայական ժայռի ետևից հսկայական մի արջ հայտնվեց ուղիղ հիմար արաբի դիմաց, ով մի կողմ նետեց հրացանը, գետնին փռվեց և մեռած ձևացավ: Արջը մոտեցավ, ոտքից-գլուխ հոտոտեց արաբին, լիզեց-թքոտեց նրա դեմքը, ապա հեռացավ դանդաղաքայլ: Երբ արջը բավական հեռացել էր, հիմար արաբը տեղից վեր կացավ և մաքրեց-չորացրեց դեմքը: Այդ ժամանակ մյուս արաբը նրան մոտեցավ և հարցրեց.

Արջն ականջիդ ի՞նչ ասաց:

Հիմարը, որ արդեն ավելի քիչ էր հիմար, քան առաջ, պատասխանեց.

– Արջն ասաց. “Սրանից հետո մորթիս չվաճառես, մինչև որ ինձ չքերթես”:

Աղբյուրը` Heqiat.am

Վիլյամ Սարոյան «Նարինջները»

 

Նրան ասված էր.
-Երկու ամենախոշոր  նարինջները ձեռքդ բռնած կանգնիր փողոցի անկյունում և երբ մոտովդ ավտոմեքենա անցնի, ժպտա ու մեկնի նարինջները: Մեկ հատը` հինգ սենթ, եթե մեկը վերցնեն, երեք հատը տասը սենթ, դյուժինը` երեսունհինգ սենթ: Ժպտա բերանովդ մեկ,- ասաց հորեղբայր Ջեկը,- կարո՞ղ ես, չէ՞, Լյուկ: Դու այդպիսին ես, չես ժպտա, չես ժպտա, մեկ էլ տեսար ժպտացիր, հը՞: Continue reading Վիլյամ Սարոյան «Նարինջները»